Բրայզան ԼՂ խնդրի կարգավորման հարցում շուտափույթ առաջընթաց է ակնկալում
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում շուտափույթ առաջընթաց է ակնկալում: Այս մասին, ըստ Trend-ի, Բրայզան ասել է Բաքվում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Իմ բացակայության ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կտրուկ շարժ տեղի չի ունեցել: Ես, նախկինի պես, վստահ եմ, որ բանակցությունների սեղանին դրված են իրականանալի ու արդարացի առաջարկներ, որոնց վրա համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի) աշխատել են երկար տարիներ, և, կարծում եմ, որ առաջընթաց կգրանցվի, երբ երկու երկրների նախագահները (Հայաստանի ու Ադրբեջանի) զգան, որ կարող են վստահել միմյանց», - ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան` հույս հայտնելով, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:
Ըստ նրա` դա կախված է նախագահներից, և իհարկե, հասարակությունից:
«Հասարկությունները նույնպես պետք է գիտակցեն, որ պետք է ապրեն միասին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հարցին, ապա նախկին դեսպանն ասել է, որ դա պետք է որոշի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Այս առումով ես ունեմ իմ գաղափարները, սակայն դա կախված է Օբամայից: Ես գիտեմ, որ նա (ապագա դեսպանը) կլինի բավականին ընդունակ թեկնածու կամ կլինեն թեկնածուներ, որոնք, անխոս, կամրապնդեն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ու փոխադարձ շահերը»,- ասել է Բրայզան:









