ԱՄՆ դատարանը Վիկտոր Բուտին դատապարտեց 25 տարվա ազատազրկման
Միացյալ Նահանգների դատարանը զինավաճառության մեջ մեղադրվող ռուս գործարար Վիկտոր Բուտին դատապարտել է 25 տարվա ազատազրկման, հայտնում է gazeta.ru-ն:
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Բուտին վճարել 15 մլն դոլար տուգանք: Գումարի չափը սահմանվել է «կոլումբիացի ապստամբներին» (նրանց դերում էին հանդես եկել ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալները) զենքի վաճառքի չկայացած գործարքի հաշվարկներով:
Բուտը ձերբակալվել էր 2008 թ.-ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում, իսկ ԱՄՆ-ին արտահանձնվել 2010թ.-ի նոյեմբերին:
Դատախազները պահանջել էին դատարանից Բուտին դատապարտել ցմահ ազատազրկման:
«Մինչ ձերբակալությունը, Բուտը համարվում էր աշխարհի ամենահաջողակ զինավաճառներից մեկը: Աֆրիկայի հակամարտության գոտիներ տարբեր տեսակի սպառազինության մատակարարման նրա հնարավորություններն այնքան կործանարար ու ապակայունացնող էին, որ ՄԱԿ-ն ու ԱՄՆը նրա նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել: Չնայած դրան, Բուտը մեծ ցանկություն ու հնարավորություններ ուներ մեծ զենք մատակարարել այն մարդկանց, ովքեր, նրա կարծիքով, ներկայացնում էին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր խմբավորումը (FARS), որին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համարում են ահաբեկչական կազմակերպություն», - ասվում էր դատավորին ուղղված նամակում:









