«Մաքուր Ջուր»-ը մտադիր է բողոքարկել ՏՄՊՊՀ-ի 5 մլն դրամի տուգանքի մասին որոշումը
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, որը հայտնի է իր «Մաքուր ջուր» ապրանքանիշով, մտադիր է բողոքարկել և դատարան և վիճարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, որով «ՄԳԱ Վոթըր» ընկերության նկատմամբ 5 մլն դրամ տուգանք էր սահմանվել։
ՄԳԱ Վոթըր» ընկերությունը մտադիր է դիմել դատարան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու հայցով»,– ըստ ընկերության տարածած հաղորդագրության, ասել է «ՄԳԱ Վոթըր»–ի փոխտնօրեն Հակոբ Մաթոսյան։
Հիշեցնենք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հետամուտ լինելով խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի դեյ» ընկերության բողոքին, որը շուկայում ներկայացված է «Բյուրեղ» և «Ջուր–Ջուր» ապրանքանիշներով, վարչական վարույթ էր հարուցել «ՄԳԱ Վոթըր» ընկերության նկատմամբ և 2012թ մարտի 30–ին կայացած նիստում, ամփոփելով վարույթի արդյունքները, հայտարարել էր «ՄԳԱ Վոթըր» ընկերության «անբարեխիղճ» մրցակցության, վերջինիս նկատմամբ առավելագույն պատժամիջոց սահմանելու, ինչպես նաև հնգօրյա ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականի մասին:
Հանձնաժողովը հայտարարել էր նաև, որ ընկերությունը շշալցնում է ոչ թե Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրի, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակի ջուրը:
«Իրականում «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը 9 տարի է, ինչ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս: Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել «Մաքուր ջրի» հումքային ծագումը և հետևողականորեն պատշաճ տեղեկատվություն է տրամադրել»,– ըստ ընկերության հաղորդագրության, ասել է «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն Հակոբ Մաթոսյան։
«ՄԳԱ Վոթըր»–ը նաև տեղեկացնում է, որ այս հարցով դիմել է Ստանդարտների Ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում:
«Հետևաբար նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա: Հանձնաժողովը, «ՄԳԱ Վոթըր» ընկերության մասին իր ձևակերպումներում գործածել էր «ստվերային դաշտում աշխատող», «պետությանը խոշոր չափի վնաս հասցնող», «սպառողների իրավունքները ոտնահարող» և այլ արտահայտություններ, որոնք, ընկերության ղեկավարության հավաստմամբ անհիմն են»,– ասվում է ընկերության հաղորդագրությունում։
«Ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման և շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության գործունեության տնտեսության մի մասը ստվերում է: Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլև կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել»,– «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրենը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ՏՄՊՊՀ–ի մասնագետները նույնիսկ հարկ չեն համարել այցելել ընկերության արտադրամաս, չեն ծանոթացել շշալցման բուն գործընթացին և միայն հիմնվել են մրցակից կազմակերպության բողոքի վրա:
«Հետևաբար զարմանք է հարուցում պետական ծառայողների նման անփույթ վարքագիծը, առավելևս` նրանց արած անհիմն և անպատասխանատու հայտարարությունները:
Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը. պահելով մրցակից ընկերության կողմը, կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը: Եվ վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի և ներդրումային ֆոնի պահպանման գործում»,– նշվում է հաղորդագրությունում և հիշեցվում, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ:









