ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր տեղի համար դիմել է 1 մարդ

17:27 • 06.04.12

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվել է մեկ հայտ՝ վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանի կողմից: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հրայր Զորյանից:

Հիշեցնենք, Հրայր Զորյանն ԱԺ հասարակայնության և տեղեկատվության վարչության պետի պաշտոնում նշանակվել է փետրվարի սկզբին, երբ ԱԺ նախագահի հրամանով աշխատանքից ազատվեց նախկին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանը:

Թափուր տեղի համար մրցույթը կկայանա 2012թ. ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին, Ազգային ժողովի աշխատակազմում, այլ ոչ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Tert.am-ին հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի վրա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը չի տարածվում: ԱԺ-ում այս կարգի իրավահարաբերությունները կարգավորվում են «ԱԺ-ում պետական ծառայության մասին օրենքով»: