Մոսկվայում հակահրթիռային պաշտպանության խոշոր համաժողով կկայանա
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շուրջ 50 երկրի հրավիրել է մասնակցելու հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցերով մայիսին կայանալիք համաժողովին, այսօր հայտնել է ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելևը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Կոշելևն ասել է, որ բոլոր երկրներն ընդունել են հրավերը, բացի մեկից: Ըստ նրա` դա ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, «սակայն ԱՄՆ-ն չէ»:
Բացի այդ, համաժողովի աշխատանքներին կմասնակցի մոտ 40 ռազմական փորձագետ` տարբեր երկրների ոչ կառավարական կազմակերպություններից:
«Նախորդ շաբաթ Բրյուսելում ես հանդիպել եմ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ: Ինձ վստահեցրել են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության` համաժողովին մասնակցության պատասխանը դրական կլինի»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բացի, համաժողովին կմասնակցեն նաև ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ներկայացուցիչները: Աղբյուրը նշել է, որ համաժողովի շրջանակներում մասնակիցների համար կկազմակերպվի այց ՌԴ հակահրթիռային պաշտպանության օբյեկտներից մեկը:









