Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ և ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին

17:23 • 06.04.12

Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը:

ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր:

Խորհրդի մասնակիցները անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի և Պակիստանում իրավիճակի շուրջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրել են արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:

Նույն օրը Աստանայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվել են Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության են արժանացրել Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ և կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ:

Նախարարական հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջև ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին:

Նստաշրջանի մասնակիցները անդրադարձել են նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը և դրա զարգացման ծրագրերին:

Հանդիպմանը որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում: