Երևանն ու Մոսկվան կփոխանակեն երկու քաղաքների կամավորական շարժումների փորձը

20:23 • 06.04.12

Ապրիլի 5-ից 7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի միջոցառումների շրջանակում ռուսական պատվիրակության անդամները Հայ-ռուսական (սլավոնական ) համալսարանում մասնակցել են «Կամավորական շարժում. մասնակիցների մոտիվացում և աշխատանքի նոր ձևերի ներդրում» թեմայով կլոր սեղանին: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովն իրենց ելույթներում ընդգծել են, որ Մոսկվայի և Երևանի կամավորական շարժումների փորձի փոխանակումն այսուհետ կդառնա երկու քաղաքների բազմակողմ համագործակցության ուղղություններից մեկը:

Ներկաները դիտել են Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի և Հայ-ռուսական (սլավոնական ) համալսարանի կամավորական շարժումների գործունեության մասին պատմող տեսաֆիլմեր:

Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանն իր ելույթում անդրադարձել է երիտասարդության շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող քաղաքականությանն ու այդ համատեքստում հատկանշել, որ որպես հանրօգուտ գործունեության դրսևորում՝ քաղաքապետարանը կարևորում է կամավորական շարժումների դերը և հնարավորին աջակցում է մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններին:

Կողմերը պայմանավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել։

Հանդիպման ավարտին Հայ-ռուսական (սլավոնական ) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովը, համալսարանի «Բարեկամության ծառուղիում» մասնակցել են ծառատունկի։