Սեյֆ Ալ-Իսլամ Կադաֆին բանտում զրկված է մարդկային տարրական իրավունքներից և պարբերաբար ծեծի է ենթարկվում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամին` Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից հատկացված դատապաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը Լիբիայում` բանտում վատ վերաբերմունքի է արժանանում:
Դատապաշտպանները հայտնել են, որ Սեյֆ Ալ-Իսլամը պահվում է գրեթե բացարձակ մեկուսացված վիճակում, նրան ծեծում են այն զինված խմբավորման անդամները, որոնց ձեռքում նա գտնվում է: Կադաֆիի որդու առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:
Համաձայն փաստաթղթերի, որոնք Լիբիայի նոր իշխանությունները տրամադրել են ՄՔԴ-ին, Սեյֆ Ալ-Իսլամը պետք է դատապարտվի աննշան հանցանքների համար, այդ թվում ուղտ պահելու արտոնագրի բացակայության և ձկնորսության կանոնների խախտման համար:
ՄՔԴ-ն և Լիբիայի իշխանությունները տարաձայնություններ ունեն, թե ով պետք է դատի Կադաֆիին:
Սեյֆ Ալ-Իսլամի դատապաշտպանների հայտարարության մեջ ասվում է, որ Լիբիայի իշխանությունները իրենց տեղեկացրել են այն մասին, որ «լուրջ հանցագործություններում» մեղադրանք ներկայացնելու համար բավարար ապացույցներ չունեն:
ՄՔԴ-ի ներկայացուցիչ դատապաշտպանները նշում են, որ Սեյֆ Ալ-Իսլամ Կադաֆին գտնվում է «իրավական սև անցքում» և զրկված է մարդկային տարրական իրավունքներից:
Հիշեցնենք, որ Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆին ազատազրկված է 2011 թ. նոյեմբերից։ Նրա մեղադրվում էր մարդկության դեմ գործած հանցանքների համար, որոնք իրականացվել են Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Ենթադրվում է, որ նրա դատը ընթանալու է հայրենիքում, սակայն դրա կայացման կոնկրետ ժամանակը դեռ հայտնի չէ:









