«Ազատամարտի վետերանների միասնությունն» իր անդամներին կոչ է անում սատարել ՀՀԿ-ին
«Ազատամարտի վետերանների միասնություն» հասարակական կազմակերպության այսօր հրավիրված 5-րդ համագումարին իր անդամներին կոչ արեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը :
Համագումարի մեկնարկին կազմակերպության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը ներկաներին հիշեցրեց, որ պատերազմն ավարտված չէ և ընդամենը ժամանակավոր հրադադար է:
«Այս պայմաններում պետք է ավելի ու ավելի համախմբվենք, ինչպես 90 թվականին էին, հակառակ պարագայում կարող ենք կորցնել այն ինչ ունենք»,- ասաց նա:
Համլետ Հովսեփյանը, թեև ընդունեց, որ այսօր ազատամարտիկներն ամենաանապահով խավն են, ինչն ըստ նրա, անարդար է, սակայն շեշտեց, որ առաջնայինը մեր երկրի անվտանգություն է:
Նա, դրական գնահատելով արտաքին քաղաքականությունը, նշեց. « Մեր երկրի վարկանիշը մի քանի անգամ բարձրացել է՝ ի շնորհիվ մեր երկրի նախագահի և ՀՀԿ կուսակցության, շատ բան արվել է և սա փաստ է: Ես կոչ եմ անում կանգնել Գերագույն (գլխավոր) հրամանատար Սերժ Սարգսյանի կողքին կանգնել և հաղթանակը մերն է լինելու: Փոխենք, որ փոխվենք: Աստված մեր հետ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը ՀՀ տարածքներում ունի 41 համապետական կառույցներ, իսկ ընդհանուր անդամների թիվը 7500 է: Նրանց 90 %-ն անկուսակցական են, իսկ 10%-ը՝ անդամակցում են ՀՀԿ–ին։
Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ ՀՀԿ-ն միշտ բարձր է գնահատել ազատամարտի վետերանների ներդրումը Արցախյան հերոսամարտում: Նա համակարծիք էր ելույթ ունեցողների հետ, որ Հայաստանում թիվ 1 խնդիրն արտաքին մարտահրավերներին դիմակայելն է :
«Միայն կայուն անվտանգության դեպքում մենք կարող ենք մեր սերունդներին ապահովել կայուն ապագա»,-ասաց նա և մեջբերեց կուսակցության «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը:









