Հայաստանում արդարադատություն կա՞. հարց Արդարադատության նախարարին
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ժամը 16։00-ին «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս TV»-ի եթերում հանդես կգա ֆեյսբուքյան ասուլիսով։
Սա նոր ձևաչափի ասուլիս է, որի շրջանակներում ասուլիսի հրավիրված անձը պատասխանում է Facebook–ի օգտատերերի կողմից բարձրացված օգտատերերի հարցերին։
Նշենք, որ նախարարին ուղղված հարցերը բազմազան են՝ սկսած նրանից, թե «Հայաստանում արդարադատություն կա՞», վերջացրած նրանով, թե ճի՞շտ են ասեկոսեները, որ նախարարը «Ֆեյսբուքով» «աղջիկ կպցնելու» սովորություն ունի: Առաջին հարցը տվել է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Հրաչ Մելքումյանը, իսկ երկրորդը՝ օգտատեր Անի Վարդանյանը:
Անահիտ Խաչատրյանն էլ հետաքրքրվում է, Ճի՞շտ է արդյոք, որ Հրայր Թովմասյանը պատրաստվում է շուտով թողնել ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնը:
Եվս մեկ հարց, որը վերաբերում է նրան, թե ինչու է նախարարը մերժել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումը՝ ակնհայտ անարդար վճիռներ կայացրած որոշ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Գոռ Հակոբյանն էլ հարցնում է, թե ինչու Հայաստանի դատարանները վարույթ չեն ընդունում այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հանրային շահերի պաշտպանությանը, հանրային սեփականությանը, ազգային ունեցվածքին: Խոսքը, ի մասնավորի, վերաբերում է Թեղուտի և Ուսանողական այգու նախադեպերին:
Հարցերի մի ստվար զանգված վերաբերում է Մաշտոցի այգում ստեղծված իրավիճակին:
Մեկ օգտատեր Հրայր Թովմասյանին խնդրում է, որպեսզի վերջինս իրեն իրավաբանորեն բացատրի՝ «Ի՞նչ է նշանակում երեքամյա ժամանակավոր օրինախախտում ...խոսքս կառույցների մասին հակասահմանադրական որոշման մասին է ... Ինչու՞ է պետությունը անպատիժ օրենք խախտում»:
Օգտատեր Գևորգ Գևորգյանն էլ գրում է՝« պարոն նախարար,
եզակի այն նախարարներից եք, ով, կարծում եմ, իր տեղում է. հարց. -որպես բանիմաց ու պարկեշտ նախարար, Ձեզ համար դժվար չէ՞ աշխատել «աջ ու ձախ թուրը կտրող» քրեաօլեգարխիկ պաշտոնյաների շրջանում»:
Նախարարին ուղղված որոշ հարցեր վերաբերում են ցմահ դատապարտվածների խնդիրներին: Հարցերից մեկն էլ այն, թե ցմահ դատապարտվածների գործերի վերանայման ինստիտուտ ի վերջո կստեղծի՞, թե՞ ոչ:
Եվ, վերջապես, հարց ընտրությունների մասին: Մասնավորապես, եթե ընտրություններին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի կուսակիցների կողմից խախտումներ թույլ տրվեն, ինչպե՞ս է պատրաստվում «պատժել» նրանց: Արդյո՞ք «կուսակցական պատկանելիությունը Ձեզ թույլ կտա լինել «արդարադատ»:









