Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. Էրդողանն ու Գյուլը արձագանքել են Իրանի հայտարարություններին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանք է տվել միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունները Դամասկոսում կամ Բաղդադում անցկացնելու առաջարկին:
«Այդ հայտարարությունները նշանակում են, որ Իրանը չի ուզում` գործը տեղից շարժվի: Բաղդադի և Դամասկոսի տարբերակն էլ ասում են հասկանալով, որ դա անիրատեսական է: Հետո էլ կասեն` մենք առաջարկեցինք, բայց դուք չհամաձայնվեցիք: Դա դիվանագիտական լեզու չէ, այլ լեզու է»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես անդրադարձել է Իրանի խնդրին և չի բացառել հարցի վերափոխումը ռազմական կոնֆլիկտի, ինչը տարածաշրջանում քաոսի պատճառ կդառնա:
«Նման իրադարձություններին Թուրքիան հեռվից նայել չի կարող: Այդ պատճառով դիվանագիտական ակտիվությունը և ռազմական նախապատրաստությունները Թուրքիայի համար ոչ թե ընտրության հարց են, այլ անհրաժեշտություն»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները այսօր հայտարարել է, որ Իրանի և «5+1» երկրների մասնակցությամբ բանակցություններն իրենք նախատեսում են անցկացնել Ստամբուլում` ապրիլի 13-14-ը:
«Մենք դեռ կարծում ենք, որ հավաքը պետք է Ստամբուլում տեղի ունենա: Եկել է հանդիպման վայրը հստակեցնելու ժամանակը»,- ասել է նա:









