Ավտովթարից հետո վարորդը փախուստի է դիմել, ապա կես ժամ անց՝ նորից վերադարձել (լուսանկարներ)

22:54 • 06.04.12

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում 29-ամյա Արմեն Առաքելյանը, վարելով «Շկոդա» մակնիշի 17 ԼՍ 870 համարանիշի ավտոմեքենան, Կասյան-Գյուլբեկյան փողոցների խաչմերուկում բախվել է 31-ամյա Լիլիթ Տոնոյանի վարած «Կիա» մակնիշի 840 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարից հետո Ա.Առաքելյանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վթարի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներին Լ.Տոնոյանը հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարից 30 րոպե անց փախուստի դիմած Ա.Առաքելյանը ավտոմեքենայով ներկայացել է դեպքի վայր:

Այս պահին վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության և Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:

Տեղում են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: