Ռուսաստանը Բուտի համար վրեժ չի լուծի ԱՄՆ-ից. Լավրով

16:57 • 06.04.12

Մոսկվան վրեժխնդիր չի լինի ԱՄՆ-ից` սպառազինության վաճառքի համար դատապարտված ռուս Վիկտոր Բուտին 25 տարվա ազատազրկելու համար, այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկյան դատարանն, ազատազրկումից բացի, Բուտին պարտավորեցրել է վճարել 15 մլն դոլար տուգանք:

Նա մեղադրվում էր Աֆրիկայի հակամարտության գոտիներ, ինչպես նաև «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամներին (FARC) տարբեր տեսակի զենք մատակարարելու մեջ: FARC-ին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

«Մենք ցանկանում ենք ոչ թե վրեժ լուծել, այլ օգնել Վիկտոր Բուտին, ով բացարձակապես անարդարացիորեն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: Չեմ էլ խոսում այն մասին, որ նա, ըստ էության, անօրինական կերպով է տարվել Միացյալ Նահանգներ»,- ասել է ռուս նախարարը:

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի վճռի բողոքարկմանը և կանի հնարավորը նրան հայրենիք վերադարձնելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ն: