Այսօր Լևոն Շանթի ծննդյան 143-րդ ամյակն է

09:55 • 06.04.12

1869թ. ապրիլի 6 -ին ծնվել է հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի փոխնախագահ, Բեյրութի «Նշան Փալանճյան» ճեմարանի հիմնադիրներ և տնօրեն Լևոն Շանթը (Նահաշպետյան):

Լևոն Շանթը ծնվել է վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։

Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911–ին անցել է Կ.Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։ 1915–ից ապրել է Եվրոպայում, 1919–ին վերադարձել է Անդրկովկաս։

Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնյակ։ 1890–ական թթ. հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձը», «Դերասանուհին»)։

Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ՝ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909), «Հին աստվածներ» (1909), «Կայսրը» (1916), «Շղթայվածը» (1921), «Օշին Պայլ» (1932):

Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։

Լևոն Շանթը գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։

Թարգմանել է Մ.Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է.Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։