2007-ի և 2012–ի նախընտրական շրջանների միջև էական ոչինչ չի փոխվել. Պետրոս Մակեյան

14:25 • 06.04.12

2007-ի և 2012–ի նախընտրական շրջանների միջև էական ոչինչ չի փոխվել, եթե ինչ-որ փոփոխություններ էլ եղել են, ապա միայն դեպի բացասական։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Պետրոս Մակեյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ ԱԺ-ի ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Իմպիչմենթ» դաշինքով ։
Բանախոսի խոսքերով` 2007 թ.-ին միայն միայն վախի մթոլորտ էր ավելի շատ և «Իմպիչմենթին» հաջոցվեց կոտրել բազմաթիվ կարծրատիպները:

«Ընտրացուցակներում առկա խնդիրները ակնհայտ են: 500-600 հազար մարդ կա, որոնք կան ցուցակներում, բայց բացակայում են Հանրապետությունից: Եթե իշխանությունները նպատակ չունեն կեղծելու, ապա ինչո՞ւ չլուծվեց ընտրողների մատների թանաքոտման խնդիրը կամ ինչո՞ւ են ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետական գաղտնիքի պես պահվում»,- ասաց նա:

Պետրոս Մակեյանը նշեց, որ իշխանությունները քարոզարշավը սկսել են դեռևս ամիսներ առաջ և ժողովրդին ընտրակաշառք են խոստանում: