Ես կուսակցությունից կուսակցություն չեմ թռել, քաղաքական իմ բագաժը և ՀԱԿ-ի բագաժը մեծ է. Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը, ով Կոնգրեսի համամասնական ցուցակում լինելուց բացի առաջադրվել է նաև մեծամասնական ընտրակարգով` Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքից, այսօր կայացած ասուլիսին մեկնաբանել է այդ ընտրատարածքում առաջադրվելու իր որոշումը: «Ես ցանկանում էի առաջադրվել Աջափնյակում, բայց երբ պարզ դարձավ, որ Աջափնյակում առաջադրվելու էր նաև «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, ում ես շատ հարգում եմ, ցանկացա մրցակցել նրա հետ»,- ասաց Պետրոս Մակեյանը` պատճառաբանելով հենց Շիրակի մարզում իր առաջադրումը:
Նա հայտարարեց, թե իր մրցակիցներն արդեն սկսել են անձնագրեր հավաքել և ընտրակաշառք խոստանալ: Մակեյանը նաև պնդում է, որ ժողովրդին խոստանում են 15-30 հազար դրամ, սակայն վերջում տալու են 5000 դրամ և ժողովրդին փաստի առաջ են կանգնեցնելու: Գնահատելով ՀԱԿ-ի և իր ունեցած շանսերի մասին Պետրոս Մակեյանը նշեց, որ ՀԱԿ-ը 2008թ.-ից տրված արտահերթ ընտրությունների խոստումը չի կատարել, ինչի պատճառով ժողովրդի մի մասը հիասթափվել է, բայց եթե կարողանա ագրեսիվ քաղաքական արշավ տանել, մրցակից չի ունենա: « Իսկ ես մշտապես պահել եմ կապը հասարակության հետ, կուսակցությունից կուսակցություն չեմ թռել, քաղաքական իմ բագաժը և ՀԱԿ-ի բագաժը մեծ է: Իմ ընդդիմախոսների` ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հույսները ընտրակաշառք բաժանելն է»,- հայտարարեց Պետրոս Մակեյանը:
Անդրադառնալով ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ստորագրված միասնական շտաբի մասին համաձայնագրին, բանախոսը հայտարարեց, որ դա «Հայաստանի պատմության համար աննախադեպ ակցիա» էր, քանի որ դրան միացավ նաև իշխանական թևը ներկայացնող ԲՀԿ-ն: «Այլ հարց է, որ այդ ուժը իմ ընտրատարածքում բավական ակտիվ ընտրակաշառքի խոստումներ է տալիս»,- ասաց նա:









