ՀՀ ԱԺ–ում ստեղծվել է ընտրությունները մշտադիտարկող աշխատանքային խումբ
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ այսօր ստեղծվել է մշտադիտարկման աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրեսգրքի» կիրարկման մշտադիտարկումը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաև արձագանքումն ու կանխումն այն դրսևորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:
Ըստ ԱԺ հաղորդագրության՝ հանդիպմանը որոշվել է, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկով խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն«, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, Հայաստանի դեմոկրատական կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, «Սիվիլիթաս հիմադրամ», «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա», «Հանրային լրագրության ակումբ», «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն», «Գործընկերություն և ուսուցում հասարակական կազմակերպության», ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:
Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձևակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշել եին մեկ անգամ ևս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում և կազմակերպություններում ու վերջնական տարբերակը հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:
Որոշվել է, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի:
«Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն ու մասնակցությունը»,- իր առաջարկը հիմնավորել է ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:









