Հայտնի են հաշմանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի հաղթողները

14:06 • 06.04.12

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը։

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից, մարզերից, ԼՂՀ-ից, ինչպես նաև Ջավախքից 46 հաշմանդամ կանայք, ովքեր փետրվար-մարտ ներկայացրել էին վերջին տարում արված 1 կամ 2 լուսանկար և մասնակցության հայտ:
Մրցույթը, որն ավելի շատ ակցիա է հիշեցնում, նպատակ ունի ցույց տալ հասարակությանը, որ հաշմանդամության գործոնը չի նվազեցնում կնոջ հմայքն ու գեղեցկությունը:

«Մրցույթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել և ցույց տալ, որ հաշմանդամությունը չի խոչընդոտում ապրելու նորմալ լիարժեք, գեղեցիկ և ակտիվ կյանքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նա նշեց, որ երբ մրցույթը 2004 թ-ին անցկացվեց, որոշ մարդիկ դա դիտեցին որպես էթիկայի խախտում: «Նրանք մեզ ասացին «ինչպե՞ս կարելի է հաշմանդամների գեղեցկության մրցույթ անցկացնել, ինչի՞ մասին է խոսքը»: Մենք ապացուցեցինք, որ կարող են մրցել «Միսս Հայաստանի» հետ»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանը նաև ասաց, որ մրցույթին կարող են մասնակցել 16-45 տարեկանները : «Հայտ ներկայացնող գեղեցկուհիներից արդեն իսկ ընտրվել են 10 լավագույնները»:

Գլխավոր մրցանակը «Միսս Գեղեցկություն 2012-ն» է, որին արժանացավ Անահիտ Աբաջյանը Ախալքալաք քաղաքից:
Առաջին մրցանակին՝ «Վիցցե Միսս» արժանացավ ժանետա Հայրապետյանը, քաղաք Երևանից:

Երկրորդ մրցանակին՝ Միսս Հմայք արժանացավ Քրիստինե Փիրուզյանը ,Ալավերդու շրջանից, քաղաք Ախթալա:
Երրորդ մրցանակը՝ «Միսս Կամք», հանձնեցին Անահիտ Խալաթյանին Ապարանի շրջանից, գյուղ Երնջատապ:
Մյուսներն արժանացան խրախուսական մրցանակների: Իսկ Հոկտեմբերյանի շրջան գյուղ Նորապատից Մերի Մլհամյանն արժանացավ «Միսս Ունիսոն» անվանակարգին:

Ժյուրիի անդամներին կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով նաև ժյուրիի նախագահն էր, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Մրցույթի անցկացմանն աջակցել են Երևանի քաղաքապետարանը, «Փարոս» հիմնադրամը, «Զիգզագ» խանութը, «Նուշիկյան ասոցիացիան», որի նախագահ Գարեգին Նուշիկյանը նույնպես ներկա էր մրցանակաբաշխությանը և ասոցիացիայի անունից հատուկ մրցանակի արժանացրեց մասնակիցներին: Հովանավոր էին նաև «Mobile Centre» խանութը, «Նոյան Տապան» գրախանութը, ինչպես նաև «Պասիֆլորա» ծաղկի խանութը: Նրանք բոլորն էլ դատարկաձեռն չէին եկել և մասնակիցներից բոլորն էլ արժանացան այս ընկերությունների ապրանքատեսակներից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր առաջին 4 անվանակարգերի հաղթողներին համար սահմանել էր դրամական պարգևներ: «Միաժամանակ դրամական պարգևների կարժանանան նաև մյուսները, որոնց կտրվի ավելի ուշ»,- հավելեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ մրցույթը, որն անց է կացվում երկու տարին մեկ, մյուս անգամ կկոչվի ոչ թե հանրապետական այլ՝ համազգային, քանի որ մասնակիցների թիվը չի սահմանափակվում միայն Հայաստանի ներկայացուցիչներով: