Վարորդներին «հետևող» տեսախցիկների ժամային խնդիրը շտկվել է. պատասխանատու

17:58 • 06.04.12

«Տեսախցիկներն ի վերջո տեխնիկական սարքեր են և մարտի 25–ին ավտոմատ կերպով անցել էին ամառային ռեժիմի ժամային գոտու»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով «Հայացք» օրաթերթի այսօրվա հրապարակումը։

Հիշեցնենք, որ օրաթերթն այսօրվա համարում մեջբերել է վարորդների դժգոհությունն այն մասին, որ իրենց ստացած կտրոնների վրա սխալ է նշված այն ժամը, երբ իրենք խախտում են կատարել: Վարորդները կարծիք էին հայտնել նաև, որ դա կարող է կապված լինել ժամային գոտու խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, ամեն տարվա մարտ ամսի վերջին կիրակի օրը Հայաստանն անցել է ամառային գոտու, սակայն այս տարվանից ժամային այդ փոփոխությունը վերացվել է։

Կենտրոնի պետի խոսքով՝ հենց մարտի 25–ին իրենք տեսել են թերությունը, որը մի քանի օրվա մեջ շտկվել է։ «Այդ թերությունը հայտնաբերել ենք հենց նույն օրը։ Գիտեք, տեսախցիկները շատ են, և մի քանի օրում բոլորի ժամային ռեժիմը փոխվել է. այժմ խնդիրը շտկված է»,– հավաստիացրեց Արմեն Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե վարորդների վարչական իրավախախտումների համար գանձվող գումարները կրկնապատկվելու են։ «Ես ուզում եմ նշել, որ նման բան չկա և միաժամանակ հայտնում եմ, որ յուրաքանչյուր վարորդ Ճանապարհային ոստիկանությունից կարող է ստանալ իր կատարած խախտման տեսագրությունը»,– ասաց կենտրոնի պետը։ Խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավարի խոսքով՝ վարորդներն այդ տեսագրությունները կարող են վերցնել կամ ՃՈ–ից, կամ էլ ոստիկանության պաշտոնական police.am կայքից՝ այնտեղ մուտքագրելով իրենց վարչական իրավախախտման որոշման գաղտնաբառը (pin կոդը)։