«Պոռնո» բառն ամենից շատ փնտրում են հայերը, պարզել է Google Search–ը
Google Search որոնողական համակարգը պարզել է, որ «պոռնո» բառն ամենից շատ փնտրվում է Հայաստանից, ընդ որում դեռ 2004թ–ց, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Հայաստանին այս ցանկում հաջորդում են Թուրքիան, Ռումինիան, Պերուն և Կոնգոն: Բացի «պոռնո» բառը, մյուս փնտրվող բառերն են «սեքսը», կամ «էրոտիկան»:
Բժշկի կարծիքով՝ հարկավոր է ֆիլտրել, այսինքն արգելք դնել այդ բառերով որոնումների վրա:
Հոգեբան Խաչատուր Գասպարյանը կարծում է, որ սա խնդրի լուծում չէ և խնդրի արմատները կապված են սեռական դաստիարակության գրեթե բացակայության հետ:
«Խնդիրը նրանում է, որ սեռական դաստիրակության խնդիրները թաքցված են: Մեր բառապաշարի մեջ չկան սեռական տերմիններ: Տերմիններն արտահայատվում են այս կամ այն փաղաքշկան մասնիկներով կամ գռեհիկ բառերով, այսինքն` անգամ լեզվամտածողության մեջ չի հանդուրժվում այդ թեմայով խոսակցությունները»,- նշեց հոգեբանը:
Հոգեբանը նշեց, որ իր մոտ եկել էր մի կին իր 15 տարեկան տղա երեխայի հետ և անգամ ամաչել էր ասել տղայի սեռական օրգանի անունը` այն անվանելով «գործիք»:
Խաչատուր Գասպարյանը նաև ասաց, որ եթե երեխան փնտրում է համացանցում «պոռնո» բառը, ուրեմն ունի սեռական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարիք, ուստի եթե հարցնում են ծնողից, ապա պետք է տալ պատասխանը։
«Եթե հարցնում են, պատրաստ են լսել իրականությունը։ Եթե այդ պահին այլ բան եք ասում, սովորեցնում եք խաբել: Եկել է ժամանակը, որ բաց խոսենք»,- նկատեց հոգեբանը:
Հայ ծնողներին նա նաև խորհուրդ է տալիս, որ եթե բացահայտել են, որ երեխան սկսել է օգտվել պոռնո կայքերից, ապա այդ մասին պետք է շատ զգույշ ասել երեխային:









