Ռուբեն Հայրապետյանը Աշոտ Աղաբաբյանի ուղեկցությամբ ծանոթացավ «Հրազդանի» շինաշխատանքներին (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելել է «Հրազդան» մարզադաշտ` տեղում ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին: ՀՖՖ նախագահը զրուցեց շինարարությունն իրականացնող անձանց հետ, շրջեց մարզադաշտի այն հատվածներում, որտեղ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները:
Որոշ ժամանակ անց ՀՖՖ նախագահին միացավ նաև մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ով ևս մասնակցեց շինարարների հետ քննարկմանը։ Աշոտ Աղաբաբյանի հետ էր նաև բուլղարացի հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան։ Զրույցի ընթացքում Հայրապետյանը նշեց, որ հատուկ տեղեր պետք է կառուցվեն հաշմանդամների համար և մոտավոր մատնանշեց, թե որտեղ է դրանք պատկերացնում:
Նշենք, որ վերանորոգման հիմնական նպատակը 2014 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում Հոկտեմբերի 12-ին նախատեսված Հայաստան–Իտալիա հանդիպումը այս մարզադաշտում անցկացնելն է։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
«Մարզադաշտը նախատեսում ենք վերանորոգել մի քանի փուլով: Առաջին փուլում վերանորոգվում են հանդերձարանները և հանրության համար սենյակները (զուգարաններ): Մայիսից կսկսենք խոտածածկը փոխելլու աշխատանքները, կլուծենք լուսավորության հետ կապված խնդիրները: Այսօր կամ վաղը Իտալիայից կժամանեն մասնագետներ: Կփորձենք կարգավորել նաև լուսատախտակների խնդիրը: Մարզադաշտը համապատասխանեցվելու է ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի հավաքականը հանդես է գալու միայն այս մարզադաշտում, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Եթե ֆուտբոլասերների կողմից լինի նույն ոգևորությունը, ապա հավաքականը կշարունակի հանդես գալ այս մարզադաշտում: «Հրազդանե մարզադաշտը վիթխարի կառույց է, որը նույնիսկ 30.000 հանդիսականի դեպքում դատարկ է թվում: Տա Աստված, որ մեր հավաքականն այնքան լավ հանդես գա, որ մի օր «Հրազդան» մարզադաշտը փոքր լինի ֆուտբոլասերների համար»:
Ռ. Հայրապետյանը նշեց նաև որ շինարարության ծախսերի վերաբերյալ ստույգ թիվ նշել չի կարող. «Լինում են մի շարք չնախատեսված ծախսեր: Ստույգ թիվ ասել չեմ կարող, մյուս տարվանից փորձելու ենք լուծել ծածկի հարցը, բայց մոտավորապես կարող եմ ասել, որ կծախսվի 10-15 մլն (դոլար-Tert.am): Ոչ մի միջոց չենք խնայում մարզադաշտի վերանորագման համար»:
Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Ռուբեն Հայրապետյանին մոտեցավ Ցվետանա Պասկալևան և ՀՖՖ նախագահին նվիրեց արցախյան պատերազմին նվիրված իր աշխատություններից` ցանկանալով, որ հայկական ֆուտբոլը ներկայացնող անձիք շարունակեն մեծ ոգով պայքարել միջազգային ասպարեզում:
2008 թվականին իրականացրած տեղային վերանորոգման, ջրամեկուսացման, ջրահեռացման, խոտածածկի վերականգնման և այլ աշխատանքների արդյունքում ստադիոնը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի սահմանած չափորոշիչներին:
Նշենք նաև, որ վերջին անգամ պաշտոնական հանդիպում «Հրազդանում» Հայաստանի հավաքականի մասնակցությամբ անցկացրել է 2008 թվականին Թուրքիայի հավաքականի հետ: Ստադիոնը վերանորոգումը վերսկսվել է այս տարվա մարտից:






















