Վրաստանը դադարեցնում է Ռուսաստանի հետ «Բաց երկինք» համաձայնագիրը

09:01 • 06.04.12

Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված «Բաց երկինք» համաձայնագիրը: Վրացական իշխանությունների այս որոշման մասին արդեն իրազեկվել են համաձայնագրի անդամ բոլոր երկրները, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ընդունվել էր 1992 թ.-ին: Ներկայում դրան անդամակցում է 34 երկիր` ներառյալ Հայաստանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ընդլայնել և ազատականացնել երկրների միջև հարաբերությունները:

Գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը չի կատարում համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, և, բացի այդ, «2010թ.-ից փորձեր է ձեռնարկում համաձայնագիրն օգտագործել այսպես կոչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության օրինականացման համար»:

Մասնավորապես, Թբիլիսիի կարծիքով, ռուսական կողմն իր շահերի համար է օգտագործում փաստաթղթի այն կետը, որն արգելում է պետության սահմանից 10 կմ-ից պակաս շառավղով դիտորդական չվերթերի իրականացումը համաձայնագրի ոչ անդամ երկրներ: Նման տարածքներին է Մոսկվան դասում Աբխազիային ու Հարավային Օսիային:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող միակողմանի կերպով փոխել համաձայնագրի գործողության սահմանները` հայտարարելով մասնակից պետության տարածքում նոր օբյեկտների ճանաչման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից պարզաբանել են, որ ընդունված որոշման համաձայն` Թբիլիսին «չի թողնի Ռուսաստանի մասնակցությամբ դիտորդական չվերթերի իրականացում հանրապետության տարածքում»: Միևնույն ժամանակ, Վրաստանը «չի իրականացնի նման թռիչքներ Ռուսաստանի տարածքում»: