Լավրովը Երևանում դիտողություններ է արել, իսկ Բաքվում՝ ձեռքը խփել սեղանին. քաղաքագետ

14:33 • 06.04.12

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան հետաքրքիր է համարում նախ նրանով, որ սկզբում հայտարարվեց, թե նախարարը գալիս է Հայաստան աշխատանքային այցով, սակայն վերջին պահին հայտարարվեց, որ այն, պաշտոնական կարգավիճակ ունի: Այս կարծիքը նա հայտնեց այսօր կայացած ասուլիսին։

Քաղաքագետին թվացել է, որ Ղարաբաղի հարցի հետ կապված Լավրովը դիտողություններ է արել Երևանում, իսկ Բաքվում ձեռքը խփել է սեղանին:
«Դրանով Ռուսաստանը ընդգծեց, որ քսանամյակ լինի, հարյուրամյակ լինի, Հայաստան-Ռուսաստան հարաբերույթունները ավելի են կարևոր Ռուսաստանի համար, քան հարևան այլ երկրներինը: Ճիշտ է, շարունակությունը տևեց Բաքվում, բայց այնտեղ ինքը ավելի կոշտ խոսեց»,-ասաց նա և ավելացրեց, որ, ըստ արդյունավետության, Լավրովի վերջին այցը ավելի կարևոր էր, քան դրա նախորդները:

Ըստ քաղաքագետի՝ Լավրովը Ադրբեջանում հիշեցրեց, որ Ղարաբաղի դեպքը ոչ մի կապ չունի Լիբիայի մասին ՄԱԿ-ի կողմից հնչեցված բանաձևի հետ, և որ իրեք համեմատություն չանեն:
«Լավրովը եկել էր նախապատրաստելու այն իրողության հետ, որ մայիսին Ռուսաստանում պաշտանավարման կանցնի Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործ են ունենալու կոշտ դիրքորոշման հետ»,-ասաց նա:

«Այն, որ այսօր Ռուսաստանը երկարատև զորավարժություններ է անցկացնում, պատահական չէ: : Դա սիգնալ է, որ ինչ-որ երկիր պատրաստվում է կոնկրետ գործողությունների, ոչ թե ուղղակի զորավարժություններ: Նման երկարատև զորավարժություններ անցկացվել է 2008-ին, որից հետո Օսեթիան և Աբխազիան անկախացան: Չենք ասում, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի անկախացումը ճանաչել, բայց սա պատահական չէ»,-ասաց նա և մանրամասնեց, որ զորավարժություններից բխող նախազգուշական ազդակները ուղղված են նախ Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին: