Շոյգուն առաջարկում է ՌԴ մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր
Մերձմոսկովյան մարզի նորընտիր մարզպետ Սերգեյ Շոյգուն նոր առաջարկով է հանդես եկել:
«Կարծում եմ` մայրաքաղաքը պետք է տեղափոխել ինչ-որ հեռու վայր, Սիբիր: Համենայնդեպս, ինձ այդպես է թվում»,- «Նորությունների ռուսական ծառայության» եթերում ասել է նա:
Շոյգուն ծնունդով Տուվայից է և բազմիցս հանդես է եկել ինչպես այս շրջանի, այնպես էլ ողջ Սիբիրի զարգացման անհրաժեշտության օգտին:
Շուրջ 20 տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարած Շոյգուն Մոսկվայի մարզային դումայի երեկվա նիստում միաձայն ընտրվել է մարզպետի պաշտոնում: Նա իր պարտականություններին կանցնի մայիսից: Այս պաշտոնում Շոյգուն կփոխարինի 1999թ. –ից մարզը ղեկավարած Բորիս Գրոմովին:









