Մեկնարկեց «Շինարարություն և ինտերիեր» մասնագիտացված ցուցահանդեսը (լուսանկարներ)
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Շինարարություն և ինտերիեր» խորագրով մասնագիտացված ցուցահանդեսը, որը դիտելու էր եկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։
««Շինարարության և ինտերիերի» ցուցահանդեսը բավական հետաքրքիր պլատֆորմ է, որտեղ հնարավորություն է տրվում ծանոթանալու շինարարական և ինտերիերի նորամուծությունների հետ»,– ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Տիգրան Սարգսյանը։
«Ողջունում եմ ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին և մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր աշխատանք»,- ավելացրեց նա։
«Շինարարություն և Ինտերիեր» մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում այս ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը ներկայացնում է շինարարական, նախագծային ¨ վերանորոգման, ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված արտադրանքն ու ծառայությունները ներկայացնող առաջատար ընկերություններին:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են` «Նոր տուն», «Շեն Կոնցեռն», «Կնաուֆ Արմենիա», «Միկա ցեմենտ», «Միկ մետալ» և այլ ընկերություններ:
Ցուցահանդեսը կտևի 3 օր: Ցուցահանդեսը անց է կացվում ՀՀ կառավարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, Երևանի քաղաքապետարանի, և «Նիգ–Ապարան» հայրենասիրական կազմակերպության հովանավորությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ՀՀ վարչապետից բացի ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանը և այլոք:









