«Կենտրոնը», Հ2-ը և «Երկիր Մեդիան» թաքնված քաղաքական գովազդ են արել. ԵՄԱ
Հայաստանի «Կենտրոն» և Հ2 հեռուստաընկերությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական ակցիաներին, սոցիալական ուղղվածության նախաձեռնություններին և նախընտրական հանդիպումներին նվիրված ինը նյութեր պարունակել են թաքնված քաղաքական գովազդի անուղղակի հատկանիշներ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով ԵՄԱ–ի այս տարվա մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում անցկացրած մշտադիտարկման արդյունքները։ ԵՄԱ–ն հետևել և վերլուծել է քաղաքական անցուդարձի վերաբերյալ 7 հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի հեռարձակումները ։
Ըստ զեկույցի՝ այդ հաղորդումները հեռարձակվել են նույն տեսաշարով և նույն տեքստով, և ԲՀԿ-ի մասին նման նյութեր առավել հազվադեպ ցուցադրվել են նաև «Երկիր Մեդիայի» եթերում:
Որպես մշտադիտարկման առանձին բաղադրիչ արձանագրվել են բոլոր հեռուստաընկերությունների «հյուր ստուդիայում» ձևաչափի բոլոր մասնակիցները : Լսարանին քաղաքական ուժերին ծանոթացնելու առումով նման ձևաչափից առավել համաչափ ու արդյունավետ օգտվել է Հ2-ը:
Այսպես. մարտին հեռուստաընկերության «Չորրորդ ստուդիայի» հյուրերն են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համամասնական ցուցակներ ներկայացրած յոթ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր հյուրընկալվել են 19 անգամ: Նման ձևաչափից չափազանց սահմանափակ է օգտվել Հ1-ը, քանի որ միայն չորս անգամ են նրա ստուդիայում հյուրընկալվել քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Դրա փոխարեն, հաճախակի լուսաբանվել են մշակութային գործիչներ:
Չնայած 2008 թ նախագահական ընտրությունների համեմատ Հ1-ը, ըստ ԵՄԱ նախագահի, անկողմնակալության առումով էական շարժ է արձանագրել, բայց ուշադրության առումով դեռևս պահանջվում է ավելին, քանի որ Բորիս Նավասարդյանը ընտրությունների նախաշեմին նման մոտեցումը հիմնավորված չի համարում:









