«Բմբուլները քամուն կտամ, ով ուզում է լինի». Անահիտ Բախշյան

11:53 • 07.04.12

Ազգային ժողովի ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր ստորագրած քաղաքական 4 ուժերից յուրաքանչյուրը կաշկանդված չէ ստորագրած ուժերը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքների դեպքերում լռել, ինչ է թե չվտանգվի շտաբի գոյությունը:

««Բմբուլները քամուն կտամ, ով ուզում է՝ լինի: Ինչի՞ մասին էր հռչակագիրը. որ կողմերը երաշխավորում են ընտրությունների արդարությունը, ազատությունը և գաղտնիությունը: Եվ եթե դրանից հետո որևէ մեկը նման բան անի, ապա «վայը եկել-տարել է նրան»։ Ես մեծ հաճույքով կբռնեմ և կխայտառակեմ այդ թեկնածուին»,- ասաց թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ նրա հետ այս ընտրատարածքում պայքարում է հռչակագրին միացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներ:

Կոտայքի մարզի գյուղական շրջանները ներառող թիվ 27 ընտրատարածքում գրանցված ՀԱԿ թեկնածու Գուրգեն Եղիազարյանն էլ է նույն կարծիքին։ «Ինձ որևէ բան չի կարող կաշկանդել, ու ես չեմ լռի»,-ասաց նա։

Գուրգեն Եղիազարյանը նաև ասաց, որ լսել է, որ մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունը 25 000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում, ինչը դեռ ստուգվում է:

Հիշեցնենք,որ այս ընտրատարածքում, բացի Գուրգեն Եղիազարյանից, գրանցված թեկնածուներն են ՀՀԿ-ից առաջադրված Համլետ Հայրապետյանը, ԲՀԿ-ից՝ Մուրադ Գուլոյանը և անկուսակցական Մանուկ Հակոբյանը: