Բևեռային մրցավազք. Նորվեգիան «Արկտիկական գումարտակ» կստեղծի

12:48 • 07.04.12

Հյուսիսային բևեռում մոտոհետևակային բրիգադ ստեղծելու մասին Ռուսաստանի հայտարարությունից ընդամենը մեկ տարի անց, Նորվեգիան հայտարարել է սեփական «Արկտիկական գումարտակ» ստեղծելու մտադրության մասին:

Barents Observer թերթի համաձայն` գումարտակը կստեղծվի Շկոլդ (Skjold) կայազորի 2-րդ գումարտակի հիման վրա, որը Նորվեգիայի զինված ուժերի միակ բրիգադի` «Նորդ»-ի մաս է:

Սկզբնապես 2-րդ գումարտակը միայն պաշտպանական գործառույթներ է կատարել, սակայն հետագայում` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին երկրի մասնակցության արդյունքում, ընդգրկվել է անվտանգության ուժերի կազմում:

«Արկտիկական գումարտակը» կհամալրվի ամենագնացներով, ձնագնացներով և այլ թեթև տրանսպորտային միջոցներով: Զորակազմում ծառայություն կիրականացնեն ինչպես զինվորականները, այնպես էլ պայմանագրային զինծառայողները:

Հիշեցնենք, որ 2011-ի մարտին Ռուսաստանը հայտարարել էր Մուրմանսկի շրջանում գործող 200-րդ առանձին մոտոհետևակային բրիգադի հիման վրա Արկտիկական բրիգադի ձևավորման մասին:

Նշվում էր, որ բրիգադի ձևավորման աշխատանքները կավարտվեն 2011-ի վերջին, սակայն այս տարվա փետրվարին Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հայտնել էր, որ արկտիկական առաջին մոտոհետևակային բրիգադը կստեղծվի 2015-ին, երբ զինվորականների տրամադրության տակ հայտնվի Արկտիկայում աշխատանքների իրականացման համար հատուկ տեխնիկան: