Ավտովթար` Ծաղկաձորում. քննիչը թույլ է տվել թաքցնել ավտոմեքենայի «գոլդ» համարանիշները (լուսանկարներ)

12:25 • 07.04.12

Այսօր` ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկում դեպի Հրազդան ընթանալիս «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե շինության պատին:

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սունդուկյան փողոցի 90 շենքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանը, Երևանի Նար Դոսի 3-րդ նրբանցք 120 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Հարությունյանը, Արաբկիրի 43 շենքի բնակիչ 19-ամյա Վահե Նահապետյանը և Ավետ Ավետիսյան փողոցի 66 շենքի բնակիչ Անդրանիկ Գևորգյանը:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:

Ծաղկաձորում ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Համլետ Աբրահամյանը համարանիշն առգրավվելու փոխարեն, «դաբրո» է տվել, որ ավտոմեքենայի վրայից հանեն համարանիշները:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ համարանիշները եղել են` 10 ՈՏ 100:

Ծաղկաձորցիները կատակել են. «Միգուցե տեսնելով 10 ՈՏ 100 թվերը` քննիչը վախեցե՞լ է արձանագրել համարանիշը»:

Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը: