Բազմազավակ ընտանիքները նախագահին խնդրում են բարելավել իրենց սոցիալական վիճակը
Մի խումբ բազմազավակ ընտանիքներ դիմում են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրում են ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ, բարելավել իրենց սոցիալական պայմանները և տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր։
«Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմ, երկրաշարժ է տեսել և շատ կորուստներ է տվել` աճելու և երիտասարդանալու կարիք ունի: Բայց ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի և սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազմազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան, բայց մեր մասին չեն հիշում և չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար»,– ասվում է դիմումում:
Բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչները նշում են, որ իրենց հատկացրել են չնչին աղքատության նպաստ (7 500 դրամ մեկ երեխան), իրենք արհամարված են դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների և առհասարակ հասարակության կողմից և հաճախ լսում են արհամարական բառեր, որ եթե. «Չէիք կարող պահել` չբերեիք»:
«Ինչո՞ւ, չէ որ Հայաստանին հարկավոր են այսպիսի ընտանիքներ, իսկ եթե պետք չեն, ապա տոմսեր գնեք և մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր և մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն և ում պետք կլինեն զինվոր և խելացի երեխաներ»,– ասվում է դիմումում:
Այնուհետև բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչները խնդրում են քննարկել իրենց պահանջը և պատասխանել դրանց:
1. Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.
a. Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;
b. Պարգևատրել մեդալով և տալ հերոսուհի- մայր կոչում;
c. Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;
d. Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում և բուհերում:
2. Բարելավել սոցիալական պայմանները.
a. Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, և այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:
b. Հատկացնել ամենամսյա թոշակ:
c. Ապահովել բնակարաններով:
3. Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:
4. Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:









