ՕԵԿ–ն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց (լուսանկարներ)
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց և չնայած ելույթները կարճ էին, ասելիքը հստակ էր՝ առաջիկա ԱԺ ընտրություններին ՕԵԿԸ հաղթելու է:
Իր ելույթում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ «այսօր մենք պետք է մեր երկիրը դարձնենք օրենքի երկիր և մեր որդեգրած կուրսը հստակ է»։
Արթուր Բաղդասարյանը՝ հիշեցրեց, որ իրենց սատարում են 170.000 կուսակիցները:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է: Մենք չենք մասնակցել ոչ արյան, որ թալանի, ոչ կողոպուտի: Ես չեմ ասում այլոց մասին»,- ասաց նա։
ՕԵԿ առաջնորդը նաև նշեց, որ ի տարբերություն իրենց, ովքեր ընտրել են քաղաքական հանդուրժողականության ուղին, քաղաքական շատ ուժեր քննադատության ճանապարհն են բռնել:
«Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, ահաբեկված լինելով Օրինաց երկիր կուսակցությունից փորձում են փնովելով առաջ գնալ»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը նաև խոսեց նախընտրական ծրագրից, որը, ըստ նրա, կլինի «հազար ու մի վերքի դարման»:
Այնուհետև նա անդրադարձավ փողի ուժով քվեներ գնելու փաստին: «Ցավոք շատ է խոսվում փողի ուժի քվե գնելու մասին, ինչը ժողովրդի սոցիալական վիճակն էլ ավելի է վատացնելու: Մարդիկ պետք է հասկանան, որ փողով գնված քվեն կորած քվե է»,- ասաց նա և հավատացրեց, որ ՕԵԿ-ն այդ ճանապարհով չի գնա:
Կուսակցության նախագահը նաև հիշեցրեց արդեն կատարված աշխատանքների, ժողովրդին վերադարձրած ավանդների, որը շարունակածն է լինելու, կրթական բարեփոխումներից, ըստ որի, գիտելիք ունեցող ուսանողները և սոցիալական անապահով ընտանիքնները անվճար ուսում ստանալու իրավունք ունեն և այլն:
Վերջում ավելացրեց. «Մենք հաղթելու ենք, որովհետև մենք ազնիվ ենք, մենք հաղթելու ենք, որովհետև մենք ուզում ենք մեր երկիրն առաջ տանել»:









