Ընտրացուցակում 600 մարդու ծննդյան օրվա և ամսաթվի դիմաց նշված է «00»

14:59 • 07.04.12

Ընտրացուցակներում 600 քաղաքացու ծննդյան օրվա և ամսաթվի դիմաց սխալ տվյալ է մուտքագրված՝ «00», այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը տեղեկացրեց մայիսի 6-ին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Հակոբյանին, այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ այն շենքում, որտեղ ինքն է բնակվում, միայն մեկ ընտանիք կա, որը վաղուց արտասահմանում է, բայց հաշվառված է ընտրողների ցուցակում:

Էդգար Հովհաննիսյանն առաջարկեց ցուցակը տրամադրել իրեն և խոստացավ, որ այն ուսումնասիրվելուց հետո կուղարկվի համապատասխան լիազոր մարմնին՝պարզաբանումներ ստանալու և անճշտությունները վերացնելու համար:

Էդգար Հովհաննիսյանը, ով որպես միջազգային դիտորդ մի շարք երկրներում մասնակցել է ընտրություն դիտարկմանը, հավատացնում է, որ ոչ մի տեղ ընտրացուցակները կատարյալ չեն և բացառություն են կազմում սկանդինավյան մի քանի երկրներ: «Որտեղ կա քաղաքացիների էլեկտրոնային հաշվառման համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացու ելումուտն արձանագրվում է, և իրենք միշտ կարողանում են «ափդեյթ» արված (թարմացված) ցուցակները ներկայացնել: Ընդ որում, այնտեղ մարդահամար անգամ չի արվում»,- ասաց նա։

Էդգար Հակոբյանը չի կարծում, որ Հայաստանում ընտրացուցակների հետ կապված ինչ-որ «չար միտում կա»: Պարզապես, նրա կարծիքով, սա ընդհանուր համակարգի խնդիրն է, այսինքն, քաղաքացիների հաշվառումը տարբեր գերատեսչությունների կողմից է արվում, չկա էլեկտրոնային ընդհանուր բազա:

«Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի նախագահը նաև հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքով՝ վերջնական ընտրացուցակները ներկայացվում և փակցվում են ընտրությունից երկու օր առաջ:

«Այսինքն՝ այս ողջ 40 օրվա ընթացքում, թե՛ դիտորդները և թե՛ ընտրություններին մասնակից հիմնական դերակատարները՝ կուսակցությունները բավական ժամանակ ունեն այդ ցուցակների հետ կապված աշխատանք տանելու և առկա թերությունները վերացնելու ուղղությամբ»:

Ի պատասխան, ասուլիսին ներկա լրագրողներից մեկը դիտորդական առաքելության ղեկավարին ներկայացրեց Ավանի թիվ մեկ ընտրատարածքի ընտրողների 600 հոգանոց ցանկ, որտեղ բոլոր ընտրողների ծննդյան ամիս-ամսաթվի կողքին նշված է՝ «00»: Այսինքն՝ այդ բոլոր ընտրողները ծնվել էին «զրո» ամսին, «զրո» օրը: