Եթե ուզում ես խաղաղության մեջ ապրել, պատրաստ եղիր պատերազմի. Տիգրան Սարգսյան
Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են ազդել երկրի արտաքին քաղաքականության, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության լուծման մոտեցումների վրա: Այս մասին gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հույս հայտնելով, որ ընտրություններում հաղթանակ կտանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին նա անդամակցում է:
«Մենք հուսով ենք, որ մեր կուսակցությունը կկարողանա ամրապնդել իր դիրքերը և շարունակել զարգացման ուղին, որով երկիրն ընթանում է վերջին տարիներին` և միջազգային համագործակցության, և ղարաբաղյան հակամարտության լուծման առումով»,- ասել է վարչապետը:
Լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանը վերաբերվում փորձագետների այն կանխատեսումներին, որոնց համաձայն` Ադրբեջանը խստացնում է ԼՂ խնդրի շուրջ իր դիրքորոշումը և աշնանը ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա, Տիգրան Սարգսյանն ասել է, որ 1994թ.-ից ի վեր (հրադադարի հաստատումից ի վեր) շատ են հնչել նման կանխատեսումներ:
«Եթե ուզում ես խաղաղության մեջ ապրել, պատրաստ եղիր պատերազմի: Այդ իսկ պատճառով մենք հաշվի ենք առնում բոլոր ռիսկերն ու սպառնալիքները և ամրացնում ենք մեր երկրի պաշտպանունակությունը: Սա հիմնական երաշխիքն է այն բանի, որ պատերազմ չի լինի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցություններին, ապա, ըստ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի, անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերը ցուցաբերեն քաղաքական կամք:









