«Օրինաց երկրի» մամուլի նախկին քարտուղարը նաև կուսակցությունից կհեռանա
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար Սուսաննա Աբրահամյանը չի բացառում, որ փոստային առաքմամբ այսօր կուսակցության շարքերից դուրս գալու դիմում կներկայացնի կուսակցության կենտրոնական գրասենյակ:
«Այո, չեմ բացառում, որ պատրաստվում եմ կուսակցության շարքերից դուրս գալու դիմում ներկայացնել կուսակցության կենտրոնական գրասենյակ»,– Tert.an–ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի մ 36-րդ տեղում ընդգրկված Սուսաննա Աբրահամյանը մոտ տասն օր առաջ աշխատանքից ազատման դիմում էր գրել: «Ես հասկացա, որ այս կուսակցությունում չեն կարևորում ու գնահատում կատարած աշխատանքը, նվիրվածությունը»,- իր քայլն այսպես էր մեկնաբանել Սուսաննա Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ էր այս ընթացքում հապաղում և միանգամից նաև կուսակցությունից հեռանալու դիմում չներկայացրեց, Սուսաննա Աբրահամյանը պատասխանեց. «Գործընթացները պետք է ճիշտ ժամանակին զարգանան, և հարմար գտա, որ հիմա է պետք»:
«Վեց տարի եղել եմ ակտիվ քաղաքականության մեջ, քաղաքականությունից երբևէ օտարված չեմ եղել և այսօր ինձ չեմ պատկերացնում քաղաքական դաշտից հեռու գտնվել»,-ասաց նա ի պատասխան այն հարցի, թե արդյոք մնալու է անկուսակցական, թե ընդգրկվելու է որևէ այլ կուսակցության մեջ:
Սուսաննա Աբրահամյանը հավելեց, որ պատրաստ է համագործակցել ցանկացած հասարակական-քաղաքական ուժի հետ, որը կծավալի կառուցողական ազգանպաստ գործունեություն:
ՕԵԿ մամուլի նախկին խոսնակը, սակայն այս պահին իրեն որևէ կուսակցությունում չտեսնելով, իրեն «նաև պարապ» չի տեսնում. «Կնոջ իրավունք» հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում դիմել է մի շարք միջազգային կառույցների՝ համագործակցության նպատակով:









