Ինտեգրման համար անհրաժեշտ են տնտեսական խթաններ. Տիգրան Սարգսյան

15:00 • 07.04.12

Հայաստանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի ու Եվրասիական մաքսային միության միջև հարաբերությունների այլ հարթակ մշակել` դրան հաղորդելով հատուկ կարգավիճակ: Այս մասին gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի համար շահեկան չէ Մաքսային միությանն անդամակցությունը:

Նա կրկնել է օրերս «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցին հայտնած միտքը, համաձայն որի` միջազգային փորձում չի եղել մի դեպք, երբ սահմաններ չունեցող երկիրը դառնա Մաքսային միության անդամ:

«Դա անիմաստ է: Մաքսային միության իմաստը նրանում է, որ ապրանքների փոխանակումը կատարվի առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով և կրկնակի մաքսազերծում անցնենք: Արդյունքում դուք ձեռք կբերեք մինուսներ պլյուսների փոխարեն»,- ասել է վարչապետը:

Լրագրողի այն հարցին` ինչ ասել է այլ հարթակ, ՀՀ գործադիրի ղեկավարը պատասխանել է, որ անհրաժեշտ է բանակցություններ վարել միության անդամ բոլոր երկրների հետ:

«Ինտեգրման համար տնտեսական խթաններ են անհրաժեշտ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` Հայաստանը ռուս գործընկերների հետ այս հարցով ուղիղ բանակցություններ է վարում: «Մեր աշխատանքային խմբերը քննարկում են այս հարցերը: Մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը, առաջարկում մեր մոտեցումները: Գոյություն ունի չափազանց հստակ պատկերացում, քանի որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի` Մաքսային միության ստեղծման արդյունքում կուտակած փորձն արդեն ցույց է տալիս այս գործընթացի առավելությունները»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե Հայաստանի` Եվրամիությանն ինտեգրմանն արդյոք չի հակասում այս գործընթացը, վարչապետը բացասական պատասխան է տվել `օրինակ բերելով Ռուսաստանին:

«Ռուսաստանը Մաքսային միության ստեղծման աշխատանքներին զուգահեռ շարունակում էր աշխատանքներն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ, և այս երկու գործընթացները դիտարկում է ոչ թե միմյանց հակասող, այլ, ընդհակառակը, միմյանց լրացնող: Նույն կերպ մենք ենք մոտենում այս հարցին: Հայաստանը հետաքրքրված է իր շուկայի ընդլայնմամբ»,- պարզաբանել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը: