Շառլ Ազնավուրը բացատրել է, թե ինչու է իրեն ոչ թե հայ, այլ ֆրանսիացի համարում (տեսանյութ)
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը համերգներ տալու նպատակով մեկնել է Նյու Յորք: Ավելի քան 100 երգերի հեղինակ, 60 ֆիլմերում նկարահանված Ազնավուրը, ում 88-ամյակը կլրանա մայիսին, Նյու Յորքում 3 մենահամերգ կունենա. տեղեկացնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Ես գրել եմ երգեր սիրո մասին, բայց որպես կանոն երբեք չեմ ասել «ես քեզ սիրում եմ, դու ինձ սիրում ես»։ Դա չափազանց ծեծված է: Որպես կանոն դժբախտ սիրո մասին երգերն ավելի հետաքրքիր են, քան երջանիկները»,- ասել է նա:
«Չնայած նրա երակներում հայկական արյուն է հոսում, Փարիզում ծնված երգիչն իրեն միշտ ֆրանսիացի է համարել, չնայած, խոստովանում է, որ օգնում է իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին»,– մեկնաբանում է «Ռիա նովոստիի» թղթակիցը: «Ես ընդունել եմ հրավերը դառնալու ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանը: Երկրին իմիջ էր պետք, ոչ թե քաղաքականություն և դա արդարացված է: Ես կարող եմ բացել այն դռները, որոնք շատ դժվար են բացվում՝ օգնելու համար մարդկանց: Ցավոք, ես չգիտեմ գրել հայերեն, ես չեմ կարող երգել Հայաստանի հիմնը, ես անգամ հայերեն աղոթքներ չգիտեմ: Ես ֆրանսիացի եմ»,-ասել է նա:
Շառլ Ազնավուրը հրաժարվել է երգել լրագրողների համար. նրա խոսքերով՝ պրոֆեսիոնալները միայն բեմի վրա են երգում: 88-ամյա երգիչը համոզված է, որ Նյու Յորքի համերգները վերջինչը չեն լինելու: Նա երազում է երգել Մոսկվայի Կարմիր հրապարակում, հունական Ակրոպոլիսում և եգիպտական բուրգերի մոտ:









