Արարատ Զուրաբյանը կմասնակցի քարոզարշավին. Ալեքսանդր Արզումանյան
Չնայած Արարատ Զուրաբյանը ընդգրկված չէ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, և այսօր էլ բացակայում էր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման շնորհանդեսին, նա, այդուհանդերձ, կմասնակցի կուսակցության քարոզարշավին:
«Այո, ընտրարշավին մասնակցելու է։ Արարատն իմ ընկերն է։ Թե ինչու հիմա չկա, իրեն հարցրեք, ինձ ինչի՞ եք հարցնում: Հիմա ասեմ. Արարատն իմ ընկերն է, որտեղ ես եմ եղել, այնտեղ էլ ինքն է, մենք կյանքով ենք ընկերներ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արարատ Զուրաբյանն ինչու չի մասնակցում նախընտրական ծրագրի ներկայացմանը:
Tert.am-ը Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց նաև մամուլում հայտնված այն լուրերի մասին, որոնց համաձայն, Խաչատուր Սուքիասյանն Արարատ Զուրաբյանից պահանջել է այն գումարները, որոնք վերջինիս տվել է տարիներ առաջ, երբ Արարատ Զուրաբյանը պայքարում էր Երևանի Կենտրոն համայնքում թաղապետ ընտրվելու համար:
Ըստ այդ նույն հրապարակումների Խաչատուր Սուքիասյանը գումարը պահանջել է այն ժամանակ, երբ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, որ ինքը թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու է Գարեգին Նուշիկյանի օգտին:
«Ես կարծում եմ, որ նման բան, եթե եղել է՝ շատ վատ բան է: Դե Արարատը փողը հետ տված կլինի: Չնայած ես երեկ եմ հանդիպել Արարատին, բայց այդ մասին մոռացել եմ հարցնել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը 10.000 ԱՄՆ դոլարի մասին է:









