«Ես պարտավորվում եմ կեղծիքներ չանել». Արամ Գ. Սարգսյանի առաջարկը կուսակցություններին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը առաջարկում է ոչ թե միասնական շտաբ ստեղծել, այլ ստորագրել հետևյալ նախադասության տակ՝ «Ես պարտավորվում եմ կեղծիքներ չանել»: Այս մասին Արամ Սարգսյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Մենք ընտրությունները կվերահսկենք այնքան, ինչքան բավարարում են մեր ռեսուրսները: Բայց դա միայնակ ոչ մի կուսակցություն չի կարող անել: Դա բոլորիս միասնական խնդիր է»,-ասաց նա:
Այն հարցին, թե այս ընտրությունների ընթացքում որտեղ է Դեմկուսի տեղը և ում կամ ինչի դեմ է պայքարելու, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Այսօր միմյանց դեմ են պայքարոմ երեք նախագահները, երկրորդը երրորդի դեմ, առաջինն ու երրորդը՝ երկրորդի դեմ: Պայմանական է այսօր խոսել ընդդիմություն-իշխանություն պայքարի մասին: Մենք երբևիցե խոստումներ չենք տվել ու չենք խաբել: Հիմա մենք եկել ենք ծրագրով ու առաջարկում ենք փոխել: Նշանակում է՝ ես պայքարում եմ թե՛ իշխող կուսակցության դեմ, թե՛ նախորդների»,-ասաց նա:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում Դեմկուսի իրական հնարավորությունների մասին, նա ասաց, որ եթե եթեները չլինեն, իրենք 10% էլ ձայն կհավաքեն:
«Եթե գայթակղությունները չլինեն ժողովրդի գլխին, եթե չլինեն գարին, մուրաբան ու չգիտեմ ինչը, ամեն ինչ այլ կլինի: Հիմա ո՞նց որոշենք, էս ժողովուրդը ում է ուզում ձայն տալ»,- ասաց նա:









