ՀՅԴ-ն քարոզարշավն սկսեց նախընտրական ծրագրի ներկայացմամբ

13:46 • 09.04.12

Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն սկսեց կուսակցության նախընտրական ծրագիրի ներկայացմամբ, որը ընդգրկում է 147 քայլ:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին Սոցապ նախարար Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ն շոուներով և պարերով չի սկսի իր քարոզարշավը, այլ կներկայացնի գաղափարները, որոնք, ըստ նրա, կլինեն հաղթական:

Այնուհետև ՀՅԴ անդամ նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ամփոփ ներկայացնելով ծրագրի սկզբունքները, համաձայնվեց այն դիտարկմանը, որ ՀՅԴ ծրագիրը մաքսիմալիստական է:

Դավիթ Լոքյանը նշեց, որ առաջին դրույթը վերաբերում է պետության և քաղաքացիների կենտրոնամետ ուղղվածությունը: Արտաքին քաղաքականության հարցում ԱՊՀ տարածաշրջանի հետ լավագույն հարաբերություններ պահպանելով, ՀՅԴ–ը փորձելու է զարգացնել ԵՄ համագործակցության ընդհանուր սկզբունքները:

Ծրագրի հիմնական ուշադրությունը, ըստ նրա, ուղղված կլինի սոցիալական հարցերին և կընդգրկի երկու ուղղվածություն՝ համախառն արտադրանքի ինտենսիվ աճ և բարիքների հասցեագրված բաշխում՝ ընդգրկելով սփյուռքի ամբողջ ուժը:
«Հիմնական զարգացումը պետք է ուղղվի դեպի արտահանումը, սրա համար գլոբալ փոփոխություններ ապահովելով, բանկերի ստեղծում, որոնք պետք է խրախուսեն արտահանումը»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանը խոսեց նաև Արցախի, Ջավախքի և հայկական սփյուռքի որոշ գաղթօջախների խնդիրներից: Մասնավորապես, ըստ նրա, ՀՅԴ–ն նախատեսում է մեծացնել Ղարաբաղին տրվող օժանդակության չափը։

ՀՅԴ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերով նախկին նախարար Արսեն Համբարձումյան ներկայացեց ծրագրի սոցիալական դրույթները, որոնք, ըստ նրա, ուղղված կլինեն աշխատավարձի բարձրացմանը, զբաղվածության ապահովմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և աղքատության հաղթահարմանը:

Արսեն Համբարձումյանը հավատացրեց, որ իրենք ի վիճակի են ստեղծել 200,000-225,000 աշխատատեղ։ ։Սա, ըստ նրա, զուտ թվեր չեն, այլ հիմնված են հստակ հաշվարկների վրա:

ՀՅԴ ծրագրով՝ աղքատության շեմը կհամարվի կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որը կհասցվի 63,000 դրամի, ներկայիս 33,000-ի փոխարեն:

Ժողովրդագրական վիճակի բարելավման հարցում ծրագիրն ուղղված կլինի ներգաղթի խրախուսմանը, արտագաղթի կասեցմանը, ծնելիության մեծացմանը:

«Արդյունքում յուրաքանչյուր տարի բնակչության թվաքանակը կաճի 50,000-ով: Իսկ նորամուծություն կլինի այն, որ մինչև 7 տարեկան երեխաների համար կսահմանվի ամենամսյա նպաստ, առաջին երեխայի դեպքում 20, 000դրամ, երկրորդ երեխայի դեպքում 25,000, երրորդ երեխայի դեպքում 40,000 դրամ, և չորրորդ, հինգերորդ և մյուսների դեպքում 60,000 դրամ: Իսկ 5 երեխաներ ունեցողներին անհատույց կտրամադրվի բնակարան»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց արտասահմանում և փոքր և միջին գործարարության խթանման դրույթներին: Նա նախ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն այն միակ կուսակցություն է, որ նախկին ընտրություններին հետամուտ է եղել իր ներկայացրած ծրագրերին: «ՀՅԴ-ն ավելի հետամուտ էր, քան իշխող քաղաքական ուժը»,- ասաց նա: