Պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը կոչ է անում «ՈՉ» ասել Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը

14:55 • 09.04.12

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ ապրիլի 12-ին Գյումրիում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը:

Նախատեսվում է ցուցադրել 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց ընդհանուր տևողությունը 1 ժամ 33 րոպե է: Հիշատակելի է այն հանգամանքը, որ նախորդ տարի նման փառատոնի անցկացման փորձը ձախողվեց քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ: Այս տարի որոշվել է փառատոնը անցկացնել Գյումրիում:

Հաշվի առնելով, որ միջոցառման կազմակերպելու գաղափարը ընդհանուր առմամբ խիստ մերժելի և դատապարտելի է, ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա:

Արման Սահակյանն ու իր կողմնակիցները կոչ են անում բոլոր հասարակա-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային և «ՈՉ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին: