Եթե չպատասխանեն, ուրեմն՝ ողբամ մեր երկրի վիճակը. Արմեն Ռուստամյան
Դաշնակցության, Հայ Ազգային կոնգրեսի և «Ժառանգության» նամակի պատասխանը, որով պահանջվում էր տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը, չի ստացվել: Իսկ հայտարությունը, որ ոստիկանությունը չի կարող նման տվյալներ տրամադրել, քանի որ դրանով պետք է զբաղվի նաև Ազգային անվտանգության ծառայությունը, կուսակցությունները պատասխան չեն համարում:
Այս մասին այսօր Tert.am –ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ երեկ երեք կուսակցություններով նույնաբովանդակ երկրորդ նամակն են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի պատճառաբանություններ չբերվեն, որ, իբր, դա չի տեղավորվում ոստիկանապետի լիազորությունների մեջ: «Էլ չեմ ուզում ասել այն մասին, որ եթե մարդու իրավունքներին վերաբերող որևէ հարցի հետ կապված գրություն ենք ուղարկում որևէ պետական մարմնի, ապա այն պարտավոր է դիմել այն մարմնին, որը կարող է անել, և համապատասխան ինֆորմացիան փոխանցել նամակարգին»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված է այն շեշտադրմամբ, որ հենց նա է երկրում իրականացվող ողջ ներքին քաղաքականության պատասխանատուն որպես կառավարության ղեկավար:
«Եվ կարծում եմ՝ հիմա որևէ պատճառաբանություն չի կարող ներկայացվել, որ գերատեսչությունը չի տիրապետում տվյալների ամբողջական բազային և այլն: Եթե չունի վարչապետը պատասխան, ուրեմն՝ ողբամ մեր երկրի վիճակը, որ մենք էդքան անկարող ենք, որ չենք կարողանում անհրաժեշտության դեպքում ճշտել պարզագույն բաներ»,– հավելեց Ռուստամյանը:
Իսկ որ դա այդպես չէ, ՀՅԴ ԳՄ անդամը հիմնավորում է հետևյալ տրամաբանությամբ. «Ենթադրենք, որ շուրջ 500 000 մարդ առաջադրվել է որպես պատգամավոր, իսկ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչությունը, որը պարտավոր է ստուգել թեկնածուի՝ վերջին 5 հինգ տարում ՀՀ–ում բնակվելու հանգամանքը։ Հիմա պետք է ասեն չէ՞, թեկնածուների քանակը չպետք է գերազանցի «իքս» թի՞վը: Սա աբսուրդ է: Ունեն այդ հնարավորությունը, և դա պարզապես խուսափել է նշանակում»,- ամփոփեց Արմեն Ռուստամյանը:









