Ասկերանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

17:14 • 09.04.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը։

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն (Թուրքիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: