Ազարովին կդատե՞ն Տիմոշենկոյի պես. քաղաքական սկանդալ Ուկրաինայում
Ուկրաինայում պահանջում են դատել գործող վարչապետ Նիկոլայ Ազարովին նույն հոդվածով, ինչ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, ուկրաինական օրենսդրությամբ տեսականորեն հնարավոր է նման սցենարի իրագործումը: Սակայն քաղաքական գործիչները վստահ են, որ նախագահը կպաշտպանի իր նշանակած անձին: Ըստ թերթի` նվազագույնը մինչև հոկտեմբերին կայանալիք Գերագույն ռադայի ընտրությունները, Ազարովին ոչինչ չի սպառնում:
Վարչապետը մեղադրվում է անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Տիմոշենկոյի դաշինքից պատգամավոր Սերգեյ Տերյոխինն այս առթիվ դիմելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը` նշել է, որ Ազարովը ծառայողական լիազորությունները չարաշահել է, քանի որ գործել է իր սեփական նախաձեռնությամբ, առանց նախագահ Վիկտոր Յանուկովիչի համապատասխան կարգադրությունների: Սա, ըստ պատգամավորի, հանցագործություն է, և վարչապետը պետք է դատվի նույն հոդվածով, որով կես տարի առաջ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Տիմոշենկոն:
Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում էր առանց նախագահի համապատասխան կարգադրության և կառավարության անդամների հետ համաձայնեցման 2009 թ. հունվարին Մոսկվայում երկարաժամկետ գազային պայմանագրեր ստորագրելու մեջ: Արդյունքում, ըստ մեղադրական կողմի, ստորագրվել են փաստաթղթեր, որոնց իրականացումը լրջագույն վնաս է հասցրել երկրի տնտեսությանն ու անվտանգությանը:
Պատգամավոր Տերյոխինի կարծիքով` Ազարովը նույն կերպ է վարվել, ինչպես և Տիմոշենկոն, և ուրեմն նա էլ պետք է կանգնի դատարանի առաջ:
Ըստ ռուսական պարբերականի` նախորդ շաբաթ ուկրաինացի չինովնիկները ոչ պաշտոնապես լրագրողներին հաստատել են, որ նախագահը զայրացել է, երբ տեսել է Ազարովի ստորագրած փաստաթուղթը: Նրանց խոսքով` տեքստի համաձայնեցման և ստորագրման ընթացքում փաստաթղթում զգալի փոփոխություններ են կատարվել:
«Տեքստում ներառվել են հինգ տասնյակ ապրանքային խմբեր, որոնք ռուսական կողմից ենթակա են սահմանափակումների: Այսինքն, խոսում ենք ազատ առևտրի գոտու մասին, իսկ ստորագրում պայմանագիր ոչ ազատ առևտրի մասին, որը շահեկան է միայն մեկ կողմի համար: Սա, իհարկե, խաբեություն է»,- ասել է չինովնիկներից մեկը:
Կիևում այս հարցը փորձում են լուծել դիվանագիտական ուղիներով: Այդ իսկ պատճառով, ինչպես նշել է թերթի զրուցակիցը, պայմանագիրը չի ներկայացվում խորհրդարանի վավերացմանը: Իսկ նախագահ Յանուկովիչը փորձում է այս հարցից խուսափել` պատասխանելով, որ մինչ փաստաթղթի վավերացումը, անհրաժեշտ է մի շարք տեխնիկական հարցեր լուծել:









