Ո՞ւմ կընտրի Վարդան Բոստանջյանը

18:40 • 09.04.12

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսին հրավիրված, դեռևս ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն այնքան ջերմ խոսքեր ասաց ՀՅԴ-ի մասին, որ նիստը վարող Աղվան Վարդանյանը կատակով հարցրեց. «Պարոն Բոստանջյան, Դուք չասացիք, թե ո՞ր կուսակցությանն եք ընտրելու»:

Արդեն Tert.am–ի հետ զրույցում, հարցին, թե ո՞ր կուսակցությանն է ընտրելու Վարդան Բոստանջյանը մայիսի 6-ի ընտրություններին, վերջինս ասաց. «Ի՞նչ կարևոր ա… կամ ինձանով չի որոշվում ամեն ինչ»: Բայց հարցին, թե հնարավո՞ր է, որ դառնա դաշնակցական, նախ ասաց, որ ոչ, իսկ ավելի ուշ հավելեց, որ ոչինչ չի բացառում:
Հիշեցնենք, որ դեռևս ԲՀԿ մանդատով գործող պատգամավոր Վարդան Բոստանջյանը անսպասելիորեն չընդգրկվեց կուսակցության համամասնական ցուցակում, ինչի վերաբերյալ ոչ Բոստանջյանի, ոչ ԲՀԿ-ի կողմից հստակ մեկնաբանություններ չարվեցին:

Հարցին, թե իր այսօրվա ելույթում կա՞ր ափսոսանք, որ այսքան տարի եղել է իշխանության մեջ, Վարդան Բոստանջյանն արձագանքեց. «Էդպես թվաց հա՞, ուրեմն՝ թվացել է»:

Բոստանջյանը դե յուրե դեռևս ԲՀԿ անդամ է, սակայն չի բացառել, որ կուսակցությունից դուրս կգա:
Իբրև կոալիցիոն կուսակցության անդամ՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը երբեմն չափից ավելի կոշտ քննադատություն էր ուղղում իշխող կուսակցության տնտեսական թիմին, ինչի համար, ըստ մամուլի, կուսակցության կողմից արժանանում էր նկատողությունների:

Ի պատասխան Tert.am–ի այս հարցին, թե արդյո՞ք իր համար հիմա ավելի հեշտ չի՞ , Վարդան Բոստանջյանն ասաց. «Ինձ նկատողություն չեն արել, ինձ միանգամից ցուցակից հանել են և վերջ: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, դա համարում եք ընդդիմադի՞ր... Իմ ելույթները ցանկություններ, մտահոգություններ արտահայտող ելույթներ են եղել, և չեմ կարծում, որ որևէ մեկը ինձ դրա համար հակված լինի պատժելու»:

Նշենք, որ այսօրվա ելույթում հրավիրյալի կարգավիճակով ներկա Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ «Դաշնակցության ծրագրի, մոտեցումների հիմքում ընկած է վեհություն», ինչպես նաև այն, որ միակ կուսակցություններ էր, որտեղ ցուցակում ընդգրկվելու համար «նեղացածություն» չեղավ, հայտարարեց. «Ո՞նց չուզենաս, որ իրենք կարողանան հաջողության հասնել»:

Վարդան Բոստանջյանը նաև իր հիացմունքն արտահայտեց ՀՅԴ նախընտրական ծրագրի կապակցությամբ, որի առաջին նախադասությունն ասում է, որ ՀՅԴ-ն մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշութային շահերի համար: