Պաշտպանական սկանդալ Կանադայում. ՊՆ-ը փորձել է մոլորեցնել պատգամավորներին

19:03 • 09.04.12

Կանադական կառավարությունը դադարեցրել է F-35 կործանիչների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորումը` Պաշտպանության նախարարության պատճառով: Ինչպես հաղորդում է Defense News-ը, նախարարությունը թաքցրել է խորհրդարանից ինքնաթիռների իրական արժեքի մասին տեղեկությունները: Ծրագրով Կանադան պատրաստվում էր իր ռազմաօդային ուժերի համար ձեռքբերել 65 նորագույն կործանիչ:

2011թ.-ին ՊՆ-ն խորհրդարանին տեղեկացրել էր, որ ծրագրի արժեքը, ներառյալ` երկարաժամկետ սպասարկումը, կկազմի մոտ 14.7 մլրդ կանադական դոլար: Սակայն Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Մայքլ Ֆերգյուսոնի հրապարակած փաստաթղթի համաձայն` ծրագրի իրական արժեքը մոտ 25 մլրդ դոլար է:

Պաշտպանության նախարար Փիթեր ՄըքՔեյը վստահեցրել է, որ ռազմական գերատեսչությունը խորհրդարանականներին չի մոլորեցրել: CTV-ի համաձայն` նախարարը նշել է, որ իրենց ներկայացրած հաշվետվության մեջ ներառված չեն եղել օդաչուների աշխատավարձերը, վառելիքի ու կործանիչների սպասարկման ծախսերը:

Կանադացի մի խումբ քաղաքական գործիչներ կոչ են արել նախարարին հրաժարական տալ:

Կանադան մտադիր է առաջիկա 3 տարիներին կրճատել ռազմական ծախսերը 2.5 մլրդ կանադական դոլարով: