Դեմկուսը նախընտրական ծրագիրը կներկայացնի վաղը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը «Ես՝ մենք ենք. հաղթենք միասին» կարգախոսով վաղը կսկսի իր նախընտրական քարոզչությունը: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի բոլորին հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ էլ հանդիպելու է իր ընտրողների հետ և ներկայացնելու նախընտրական ծագիրը: Դեմկուսը լինելու է նաև Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Մասիսում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում:
Մինչ ընտրողների հետ հանդիպումը, Արամ Գ. Սարգսյանը ներկայացրեց նախընտրական քարոզարշավի մի քանի դրույթներ։
«Մենք գտնում ենք, որ կարելի է ստեղծել սոցիալական հատուկ ֆոնդ, որը հնարավորություն կտա երիտասարդներին բնակարանով ապահովել: Վարկը նրանք կարող են մարել երեխաներ ունենալով: Չորս երեխա ունենալու դեպքում նրանք ամբողջապես վարկը կմարեն: Մեր ժողովրդագրության վիճակը շատ ծանր է: Իսկ բնակարանների գումարները պետք է վերցնել մաքսայինի և հարկայինի այն մասից, որոնք գալիս են որպես տուգանք կամ հավեյլյալ վարձավճար»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Հայաստանի ստվերային շրջանառությանը, որը, ըստ նրա, անհրաժեշտ է կրճատել, քանի որ հետագայում հնարավոր չի լինի դիմացը առնել: «Այսօրվա դրությամբ մարդիկ ստանում են մի քանի անգամ ավելի քիչ աշխատավարձ, քան իրենք վաստակել են: Չկա մի կառույց, որը պաշտպանի աշխատող մարդու իրավոնքները»,-ասաց նա և հավաստիացրեց, որ նման մի քանի հարցերում իրենք կարող են փոփոխություն մտցնել:
Արամ Սարգսյանը այսօր գլխավոր խնդիր է համարում նաև այն, որ մարդկանց պետք է կարողանալ բերել ընտրությունների:









