«Մենք գործ ունենք անելու միասին». «Ժառանգությունը» ներկայացրեց նախընտրական ծրագիրը

18:09 • 09.04.12

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ իրենք գործ ունեն անելու միասին, որով պիտի ապացուցեն, որ «Ժառանգության» թիմը Հայաստանցու թիմն է, որը «վերջին անգամ հայաստանցուն է վերադարձնելու իշխանությունը»:
«Ով չի հավատում այսօր, կհավատա 30 օր անց: Մենք բոլորս մի միասնական երկրում հաղթանակած կտոնենք մեր հաղթանակը: Մենք ոչ միայն Ազգային ժողով ենք գնալու, այլ նաև գործադիր մարմին ենք ձևավորելու, այնուհետ նախագահություն և դատական իշխանություն: Սա մեր հաղթանակն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ իրենց ցուցակի յուրաքանչյուր անդամի հետ ինքը ունեցել է խնդիրներ, որոնց հետ բանավիճել է որպես քաղաքացի, սակայն նրանք բոլորն էլ մի բան են ուզում. կառուցել ժողովրդավար երկիր:

Րաֆֆի Հովհանիսյանը բոլորի առջև ընթերցեց կուսակցության համամասնական ցուցակը և սկսեց ոչ թե իրենց` առաջին համարից, այլ հակառակը վերջին՝ 73-րդ հորիզոնականից:

Այնուհետև ցուցադրվեց նախընտրական գովազդային հոլովակը, որում «Ժառանգության» թեկնածուները ասում են, որ իրենք գալիս են սարից ու քաղաքից և գալիս են իրենց ժառանգության համար:

«Մենք գալիս ենք տարբեր հետագծերով, տարբեր կենսագրություններով: Մենք գալիս ենք սարեր շարժելու և ձեր հետ միասին մեր երկրին տեր կանգնելու»,- տեսահոլովակում ասում են «Ժառանգության» թեկնածուները:

«Մենք ստացել ենք Ժառանգություն հայկական բարձրավանդակը, և մենք գալիս ենք մեր ժառանգությանը տեր կանգնելու համար»,- իր ելույթի ժամանակ ասաց Ժառանգություն կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Զարուհի Փոստանջյանը: