Լոնդոնի քաղաքապետը կասկածվում է 5 մլն եվրոյի յուրացման մեջ
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կասկածվում է անօթևան երեխաների բարեգործական հիմնադրամներին ուղղված 5 մլն եվրո բյուջետային հատկացումների յուրացման մեջ, գրում է The Guardian-ը:
Կառավարությունը քաղաքապետին 33.8 մլն եվրո գումար է հատկացրել մինչև 2015թ. անտուն երեխաների օթևանի հարցերի լուծման նպատակով: Բարեգործական հիմնադրամները տարեկան պետք է ստանան մոտ 8.5 մլն եվրո գումար: Սակայն 2011-2012թթ. Ջոնսոնի կողմից հատկացվել է 7.5 մլն եվրո, չնայած նրան, որ նա խոստացել է 2012-2013թթ. ավելացնել ֆինանսավորումը` հասցնելով 9.5 մլն-ի:
Նրա ֆինանսական ծրագրում ասվում է, որ ընդհանուր առմամբ քաղաքապետը բարեգործությանը կուղղի ընդամենը 28.5 մլն եվրո: Սա պայմանավորված է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերից հետո ֆինանսավորման կտրուկ կրճատմամբ: Արդյունքում` չծախսված կմնա 5.3 մլն եվրո:
Քաղաքապետին ուղղված բարեգործական կազմակերպությունների համատեղ նամակում, որը հայտնվել է The Guardian-ի տրամադրության տակ, նշվում է, որ քաղաքապետը պետք է վերադարձնի կրճատած գումարը:









