Մալիի նախագահը հրաժարական է տվել. երկրում իշխանափոխություն է սկսվում
Մալիի` պաշտոնից հեռացված նախագահ Ամադու Թումանի Թուրեն Բուրկին-Ֆասոյի արտաքին գործերի նախարարին հանձնել է գրավոր ծանուցում՝ իր հրաժարականի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես»-ը:
Բուրկին-Ֆասոյի ԱԳՆ-ի ներկայացուցիչները պատրաստվում են փաստաթուղթը փոխանցել Մալիում ներկայում իշխող ռազմական խունտայի ներկայացուցիչներին, որպեսզի երկրում սկսվի իշխանության փոխանցման գործընթացը:
Իր հերթին, հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ռազմական խունտան ապրիլի 6-ին սահմանադրական կառավարման փուլային վերադարձի նախագիծ է առաջարկել, որն առաջարկել էր Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցությունը: Համաձայն այդ փաստաթղթի՝ իշխանությունը անցումային շրջանով պետք է փոխանցվի Մալիի Ազգային ասամբլեայի ներկայացուցչին:









