Հարավային Օսիայի նոր նախագահ է դարձել ՊԱԿ-ի նախկին պետը
Հարավային Օսիայում ապրիլի 8-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 54.12% ձայնով նախագահ է ընտրվել երկրի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախկին պետ Լեոնիդ Տիբիլովը, այսօր հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելա Պլիևան:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ԿԸՀ նախագահին, հայտնում է, որ Տիբիլովի մրցակից Դավիդ Սանակոևը ստացել է ընտրողների ձայների 42.65%-ը: Ընտրողների մասնակցությունը կազմել է 71.26%:
Մարտի 25-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում 59-ամյա Տիբիլովը հավաքել էր ձայների 42.5%-ը: Հիշեցնենք, որ աշնանն անցկացված նախագահական ընտրությունները չեղյալ էին հայտարարվել. այդ ժամանակ հաղթել էր ընդդիմադիր Ալլա Ջիոևան:
Տիբիլովը ՊԱԿ-ը գլխավորել է 1990-ականներին: Reuters գործակալության հաղորդմամբ` ընտրողները նրան ընդդիմադիր են համարում: Բնակիչների խոսքով` նա հասարակ կյանք է վարում` Ցխինվալի է գնում հասարակ «Նիվա» մակնիշի մեքենայով և ապրում է սովորական 5-հարկանի շենքում:









